Այսօր ՀՀ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը՝ ներկայացնելով նախարարության նախորդ տարվա կատարողականը ասել է․

«2018թ-ի օգոստոսի 1-ից տնտեսված միջոցների հաշվին 25-30 տոկոսով ավելացվել է ամբուլատոր բուժհաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը, ինչը շարունակական բնույթ է կրում»:

Նրա խոսքով՝ 2019թ-ի հունվարի 1-ից բյուջեով հաստատված միջոցների շրջանակներում տեղի են ունեցել աշխատավարձի ավելացումներ ևս 15 տոկոսով։ Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն անդրադառնալով պոլիկլինիկաներում թերակատարումներին, նշել է, որ պետք է դրանց տնօրեններն աշխատանքն այնպես կազմակերպեն, որ արդյունավետությունը բարձրանա։

«Սա խոսում է այն մասին, որ պոլիկլինիկաների տնօրենների կողմից վատ մենեջմենթ է իրականացվում և այստեղ ընկնում է նաև առաջնային օղակի արդյունավետությունը»,- ասել է նա:

Փոխնախարարն արձագանքել է՝ պոլիկլինիկաների հիմնական թերակատարումները հիմնականում կապված են մարզերում մասնագետների բացակայությամբ:

Նիստին ներկա փոխնախարար Լենա Նանուշյանը հայտնել է, որ մարզերում առկա բժիշկների բացը լրացնելու նպատակով ՀՀ Առողջապահության նախարարությունը պետական պատվերի շրջանակում օրդինատուրա անցնող ուսանողների հետ պայմանագիր է կնքում, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո հինգ տարի ժամկետով աշխատանքի անցնեն մարզերում:

«Այս պահին մարզերում 200 մասնագետի թափուր տեղ ունենք: Հիմնականում մարզերում բացակայում են անեսթեզիոլոգները: ԿԳՆ-ից 49 տեղ նախորդ տարի տրամադրվել է մեզ, մենք օրդինատորի հետ պայմանագիր ենք կնքել: Մեխանիզմն այն է, որ նրանք օրդինատուրա անցնելուց հետո ուղեգրվում են այն մարզը, որտեղ առկա է իրենց մասնագիտությամբ թափուր տեղ»,- ասել է փոխնախարարը:

Փոխնախարարը հայտնել է, որ այս տարի ևս մեկ ծրագիր են նախաձեռնում, համաձայն որի՝ մարզեր ուղեգրելու են նաև երևանյան ԲԿ-ների բժիշկներին՝ երեք ամիս ժամկետով: