ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը ներկայացնելով նախագծերի փաթեթը՝ նշել է, որ այն ուժի մեջ է մտել 2015թ-ից, որի անհրաժեշտությունը պայմանավորված էր ՏՏ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ։ Ըստ նրա՝ 2015թ-ից սկսած ՏՏ ոլորտում նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի և եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը:

Գեղամ Վարդանյանն ասել է, որ հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջին ժամկետ սահմանվել էր 2017թ-ի դեկտեմբերի 1-ը: Այսպիսով, 2015թ-ին ստեղծվել է 274 ընկերություն, որոնցից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր են ստացել 59 ՏՏ ընկերություն, 2016թ-ին ստեղծվել է 337 ընկերություն, որից հավաստագրվել են 98-ը, իսկ 2017թ-ին ստեղծված 570 ընկերություններից՝ 272-ը: 2018թ-ին, ըստ նրա, ստեղծվել է 470 ընկերություն։

Փոխնախարարը հիշեցրել է, որ 2018թ-ի նոյեմբերին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի մշակումը պայմանավորված է նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելու և կազմակերպությունների կողմից հարկերի վճարումից խուսափելու ռիսկերի կառավարման նպատակով, հաշվի առնելով վերջին տարիներին գրանցված սկսնակ կազմակերպությունների աճի տեմպերով, աշխատատեղերի աճով և հարկային մուտքերի ավելացմամբ։

Գեղամ Վարդանյանը նշել է, որ նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՏՏ ոլորտի կազմակերպությունների կողմից ծավալվող գործունեության ռիսկերը, ինչպես նաև կսահմանվի օրենքի շրջանակում պետական լիազոր մարմնի գործառույթները:

Օրենքով նախատեսվում է կարգավորել նաև ՏՏ սկսնակ կազմակերպություններին տրամադրվող հավաստագրման գործընթացի ռիսկերը, գործունեության ծավալի մասնաբաժինը, ինչպես նաև սահմանվում է լիազոր մարմնի կողմից ՏՏ ոլորտի ծրագրերի ընդունման և իրականացման պատասխանատվությունը:

Քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչության պետը հարց է բարձրացրել, թե ինչու՞ հավաստագիր կարող են ստանալ այն ընկերությունները, որոնց աշխատողների թիվը չի գերազանցում 30-ը: Առաջարկվել է այդ կետը հանել։ Բացի այդ, նա հետաքրքրվեց, թե ինչու է հավաստագիրը տրամադրվում սահմանափակ ժամկետով` մինչև 2022թ:

Գեղամ Վարդանյանն անդրադառնալով այն սահմանափակմանը, որ արտոնություն կտրամադրվի միջինը 30 աշխատող կազմակերպություններին՝ նշել է, որ այդ սահմանափակումը նրա համար է, որ աջակցությունից օգտվեն փոքր և միջին ընկերությունները, այլ ոչ թե խոշորները:

Նշենք, որ օրենքի նախագիծը ստացել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը։