Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարկետինգի ու մենեջմենթի գծով մագիստրատուրայի ուսանողներն այսուհետև կվերապատրաստվեն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ուսանողները պրակտիկա կանցնեն ՀԱՕԿ-ի մարկետինգի բաժնում՝ ուսումնասիրելով սպորտային մարկետինգ:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Մանե Մուրադյանի խոսքով, այս նախագիծը կնպաստի սպորտային մարկետինգի զարգացմանը Հայաստանում:

«2015թ-ին, երբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում ստեղծվեց սպորտային մարկետինգի բաժինը, մենք մշտապես լավ մասնագետների էինք փնտրում այդ ոլորտում, սակայն հանդիպեցինք մի շարք խոչընդոտների: Շատ ուրախ ենք, որ 2016թ-ին Վահրամ Առաքելյանը, քայլելով ժամանակին ընդառաջ, փորձեց օգնել մեզ և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում մագիստրոսների համար բացվեց սպորտային մարկետինգի բաժին:

Դա մեզ հնարավորություն տվեց ունենալ վերապատրաստված շրջանավարտներ սպորտային մարկետինգի գծով: Քանի որ այս տարի ՀԱՕԿ-ում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ վերաբացվեց սպորտային մարկետինգի բաժինը, մենք փորձում ենք համալրվել նոր կադրերով և փորձնական շրջանում համագործակցում ենք հենց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարկետիգի բաժնի հետ: Ուսանողները մեզ մոտ պրակտիկա կանցնեն 3 շաբաթ և, բնականաբար, կփորձենք ընտրել լավագույններին, քանի որ ծրագրում ենք բոլոր ֆեդերացիաներում ստեղծել մարկետինգի բաժին: