Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, շարունակում է Կոմիտասի 150-ամյակին նվիրված աննախադեպ համերգաշարը:

Մարտի 29-ին՝ ժ. 19:00-ին «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Կոմիտասը և մենք» համերգաշարի երկրորդ համերգը: Այն կրում է «Կոմիտաս-Տիգրան Մանսուրյան» խորագիրը: Ծրագրում կհնչեն Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի երգչախմբային ստեղծագործությունները: Համերգի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան երգիչներ Թամարա Մոսինյանը, Սարգիս Մինասյանը, Մերգելոս Ամիրխանյանը, Մաքրուհի Խաչատուրյանը: Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019թթ. օրացույցում: