ՀՀ գլխավոր դատա­խա­զու­թյան միայն պետական շահերի պաշտպանության վարչու­թյան կողմից 2017թ. ընթացքում պետական կառավարման տարբեր ոլորտներում պետական շահերի պաշտպանության վիճակի վերաբերյալ իրականացվել է 62 ուսումնասիրություն: Դրանց արդյունքներով՝ պետական մարմինների, վերջիններիս առանձին ստորաբաժանումների գործառույթների իրականացման կարգի պահպանման, պետական միջոցների ստացման, պահպանման և արդյունավետ օգտագործման, պետությանը պատճառված վնասների վերականգնման աշխատանքներում արձանագրված բազմաթիվ խախտումների, թերացումների և բացթողումների վերաբերյալ համապատասխան պետական մարմինների ղեկավարներին հաշվետու տարում ներկայացվել է 62 հաղորդում։

Դրանց քննարկման արդյունքներով պետական մարմինների ղեկավարները համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարել իրենց ստորաբաժանումների գործունեության կարգերում, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սահմանել նոր կանոնակարգեր, հարուցվել են մի շարք կարգապահական վարույթներ, որոնց արդյունքներով մի շարք պետական ծառայողներ ենթարկվել են պատասխանատվության, պետության վնասների վերականգնման նպատակով տրվել են նախազգուշացումներ, հարուցվել հայցեր, դատական ակտերի դեմ բերվել են վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ։

Վարչության դատախազների կողմից հաշվետու տարում հարուցվել է պետական շահերի պաշտպանության 9 հայց՝ ընդհանուր 336.918.045 դրամ հայցապահանջով: ՈՒսումնասիրությունների ընթացքում վնասը կամովին վերականգնելու մասին կատարվել է 3 նախազգուշացում, կամովին վերականգնվել է 15.896.820 դրամ:

Բացի այդ, հայտնաբերված մի շարք խախտումների կապակցությամբ հարուցվել է 13 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 567.205.483 դրամ: Այս քրեական գործերի նախաքննության ընթացքում վերականգնվել է 14.436.694 դրամ: