Մեկնարկում է «Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը: Նախորդ տարիների նման 2019թ-ին ևս «Արտ Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն հանրահայտ կոմպոզիտորներ, դիրիժորներ, երաժիշտ-կատարողներ, ովքեր վարպետության դասեր ու գիտական կոնֆերանսներ կանցկացնեն, ինչպես նաև ելույթներ կունենան փառատոնի շրջանակում:

«Արտ Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնն այս տարի նվիրվում է Կոմիտաս վարդապետի և գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին:

Մրցույթ-փառատոնի մեկնարկը կտրվի ապրիլի 10-ին, 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս հայտնի այս փառատոնը կանցկացվի նաև Արցախում՝ նույն ձևաչափով ու նույն սկզբունքներով:

Փառատոնն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝ դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ազգային երգեցողություն, ազգային նվագարաններ, էստրադային երգեցողություն, էստրադային գործիքներ, կամերային անսամբլ, երգչախումբ, խորեոգրաֆիկ արվեստ, կերպարվեստ, կոմպոզիցիա, երաժշտական թատրոն, թատերակարգեր:

Նախորդ տարիների նման՝ 2019թ-ին ևս մասնակցության բազմաթիվ հայտեր են ստացվել: Ի դեպ, այս փառատոնը նաև օնլայն լսումների հնարավորություն է տալու այն մասնակցին, ով Երևան հասնելու դժվարություն կունենա: Մասնագիտական ժյուրին կատարմանը կհետևի տեսազանգի օգնությամբ:

Իսկ ապրիլի 16-ին Երևանում «Արտ-Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի շրջանակներում կկայանա «Մշակույթների երկխոսություն» XIII միջազգային գիտաժողովը՝ «Մշակույթ և հասարակական գիտակցություն» թեմայով, որը նվիրվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյակին: