2014 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է «ԱրՄաթ» ինժեներական համակարգերի գործարկման ծրագիրը: 2016 թվականի մարտից էլ համագործակցության հուշագիր էր կնքվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության (ԻՏՁՄ) և կառավարության՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև:

«ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ-ն և ՀՀ կառավարությունը պետք է ներդնեն համատեղ ջանքեր: Այսօր արդեն ՀՀ բոլոր մարզերում և Արցախում գործում է 220 «ԱրՄաթ» լաբորատորիա: Դրանք միավորում են շուրջ 5000 դպրոցականների:

Արցախում թվով 9-րդ «ԱրՄաթը» բացվեց Մարտունու շրջանի Նորաշեն համայնքի դպրոցում:

Ինժեներական լաբորատորիաներ են գործում նաև Ստեփանակերտում, Շուշիում, Վանքում, Ճարտարում, Բերձորում, Վուրգավանում, Քարվաճառում:

Ավելի վաղ կազմակերպությունը ներկայացրել էր հետազոտություն, ըստ որի՝ «ԱրՄաթի» շրջանավարտների 84 %-ն ընդունվել է բուհ, որից 82%-ը՝ բնական գիտությունների, ՏՏ և տեխնիկական մասնագիտությունների գծով: Հարցվողների 39%-ը սովորելուն զուգընթաց՝ նաև աշխատում է, 4%-ը՝ միայն աշխատում: Հարցվողների միայն 19%-ն է նախընտրել «ԱրՄաթն» ավարտելուց հետո կրթությունը շարունակել այլ՝ ոչ ՏՏ մասնագիտությունների գծով:

Աշխատանք ունեցողների 45%-ը ներգրավված են ծրագրավորման բնագավառում, 12%-ը հիմնել են ստարտափ, ևս 29%-ը ներգրավված են ՏՏ ոլորտի այլ աշխատանքներում, իսկ մնացածը կատարում են ինժեներական և տեխնիկական աշխատանքներ: Աշխատանք ունեցող կամ ստարտափ հիմնած պատանիների աշխատավարձերը տատանվում են 50-300 հազար դրամի սահմաններում՝ միջինում կազմելով 132,561:

Այսպիսով, «ԱրՄաթի» շրջանավարտների 43%-ն աշխատանքի է ընդունվել կամ ստարտափ է հիմնել ՏՏ կամ տեխնիկական ոլորտում: Իսկ սաների 37%-ը բուհից հետո ՏՏ ոլորտի պոտենցիալ աշխատող է։

Հավելենք, որ «Ապագայի ալգորիթմը» կրող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցը հիմնվում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ Կառավարության և դոնոր կազմակերպությունների ու անհատների աջակցության վրա: «ԱրՄաթում» ուսուցումն անվճար է, իսկ եթե դպրոցում դեռևս չկա խմբակ, ապա դպրոցականները կարող են այցելել հարակից բնակավայրերում գործող «ԱրՄաթ» խմբակ:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունում նշում են, որ ավելի քան 80 անդամ կազմակերպություն միավորող ԻՏՁՄ-ի ռազմավարական նպատակներից է՝ ժամանակակից տեխնոլոգիական կրթության անվճար պայմաններ ապահովել 10 տարեկանից սկսած բոլոր դպրոցականների համար, և մինչ 2019 թ. «ԱրՄաթ» խմբակներ հիմնել բացառապես բոլոր դպրոցներում (շուրջ 1200): Այսպիսով, տարեցտարի ինժեներական մտքի զարգացումը կբերի Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական պետության վերածնունդին: