Ապրիլի 4-6 Երևան են ժամանելու Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի ուսանողները՝ ակադեմիայի պրոֆեսոր, կինոռեժիսոր Եվա Շտոցի ուղեկցությամբ։

Հյուրընկալող կողմը Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանն է։ Այցի նպատակը Սլավոնական համալսարանի կինոֆակուլտետի ուսանողների հետ փորձի փոխանակման իրականացումն է, որը տեղի կունենա ֆիլմերի դիտում-քննարկում ձեւաչափով (տանտերերը ցուցադրելու են իրենց ֆիլմերը, Բեռլինի կինոակադեմիայի ուսանողները՝ իրենց)։

Ցուցադրությունները տեղի են ունենալու Հայ-Ռուսական համալսարանի կինոդահլիճում։ Մուտքն ազատ է ինչպես ուսանողների, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկություն ունեն մասնակիցը դառնալ ֆիլմերի դիտումների և հաջորդող քննարկումների։

Ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի ապրիլի 4-ին՝ ժամը 19։30-ին, Եվա Շտոցի «Սատանան կասկած է» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ (2008թ-ին ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի կինոփառատոնի ծրագրում)։ Ցուցադրությունները կսկսվեն մինչ պաշտոնական բացումը՝ ապրիլի 4-ին՝ ժամը 10։00-ից։ Ծրագրում ընդգրկված են ինչպես վավերագրական, այնպես էլ խաղարկային ֆիլմեր, որոնք անդրադառնում են տարբեր թեմաների, սոցիալական, քաղաքական խնդիրների։

Ապրիլի 6-ին հայ և գերմանացի ուսանողները միասին կուղևորվեն Գյումրի, որտեղ Եվա Շտոցը վավերագրական կինոյի մասին դասախոսությամբ հանդես կգա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողների համար։

Հավելենք, որ ֆիլմերը ցուցադրվելու են գերմաներենով (անգլերեն ենթագրերով)։

Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Հայ-Ռուսական համալսարանի, Բեռլինի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի, գերմանական High Art Bureau և հայկական «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով։ Ծրագրի իրականացմանն աջակցում են Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանութունը, «Անտարես» մեդիա հոլդինգը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Interkultura Kommunikation գործակալությունը։