ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցած շաբաթ ռուսական հեռուստաընկերություններում կրկին բարձրացավ հերթական հակահայկական ալիքը, որին միացավ նաև պետական «Россия 24» հեռուստաընկերությունը։

Գրեթե ամբողջությամբ ապատեղեկատվությամբ հագեցած հեռուստատեսային ռեպորտաժներում ներկայացված են միակողմանի, մանիպուլյատիվ տեղեկություններ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես՝ Մարտի 1-ի գործի ընթացքի մասին։ Հեռուստատեսային այդ նյութերում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացվում է որպես քաղհալածյալ, Հայաստանի գործող իշխանությունն էլ՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որպես Ռոբերտ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու պատվիրատու։

Ինչ խնդիրներ են Ռուսաստանի իշխանությունները կամ նրանց ենթարկվող լրատվամիջոց-քարոզչամիջոցները լուծում նման ռեպորտաժներով՝ այլ հարց է։ Շատ ավելի կարևոր է, թե ինչպես են Հայաստանի Հանրապետությունը, մեր պատկան մարմինները արձագանքում ռուսական այս տեղեկատվական հարձակումներին։ Ինչպես կասեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայկական կողմից այս ռեպորտաժների հանդեպ վերաբերմունքը զրոյական է։

Ո՛չ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, ո՛չ Հայաստանի արտգործնախարարությունը պաշտոնապես որևէ քայլի չեն դիմել, որևէ հեռուստաընկերությունից պարզաբանում չեն պահանջել հակահայկական տեղեկատվական-քարոզչական նյութեր հեռարձակելու համար։ Դա տեղի չի ունեցել անգամ այն բանից հետո, երբ նման բովանդակությամբ ռեպորտաժ հեռարձակվեց Ռուսաստանի պետական հեռուստաընկերության կողմից, որն արտահայտում է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը։

Հայաստանի ինքնիշխանությունը, որի մասին այդքան սիրում են խոսել գործող իշխանությունները, վերացական կատեգորիա չէ։ Ինքնիշխանությունն արտահայտվում է ոչ միայն գեղեցիկ կարգախոսներով ու հայտարարություններով, այլ նաև այն ժամանակ, երբ պետության նկատմամբ ծավալվում են տեղեկատվական հարձակումներ։

Հայաստանի իշխանությունն իր լռությամբ ու կրավորական կեցվածքով ապացուցում է, որ մեր ինքնիշխանությունն ավարտվում է այն ժամանակ, երբ խնդիրը վերաբերում է Ռուսաստանին։ Ընդ որում, սա ոչ առաջին, ոչ էլ, դժբախտաբար, վերջին նման դեպքն է։ Ռուսական լրատվամիջոցները համոզվել են, որ կարող են ցանկացած հերյուրանք տարածել Հայաստանի ու նրա իշխանությունների հասցեին՝ չարժանանալով որևէ վերաբերմունքի։

Յուրաքանչյուր նման դեպքի հանդեպ լռությամբ Հայաստանի իշխանությունները կանաչ լույս են վառում նորանոր հակահայկական ռեպորտաժների պատրաստման ու տարածման համար»։