Արաբկիր ԲԿ-ի տնօրեն Արման Բաբլոյանն՝ անդրադառնալով մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագիրը Հայաստանում ընդլայնելու նախագծին, ասել է․

«Հայաստանը միայն երիկամների փոխպատվաստմամբ էր զբաղվում, պետք է նաև խորանալ լյարդի փոխպատվաստման մեջ։

Բելառուսիայի կենտրոնը բավականին զարգացած է ոչ միայն Եվրոպայի, այլ նաև համաշխարհային մասշտաբով և բավականին լուրջ վիրահատություններ է իրականացնում: Քննարկաման արդյունքում մենք որոշեցինք, որ պետք է երկկողմանի հարաբերությունները զարգացնենք, մասնավորապես պետք է մեր կադրերի վերապատրաստումն ավելի ընդլայնենք»,- գրում է Shabat.am:

Հարցին՝ որքանո՞վ են քննարկումները եղել արդյունավետ, և արդյո՞ք հետագայում կշարունակեն համագործակցել, Արման Բաբլոյանը պատասխանել է.

«Հայկական կողմը որոշեց, որ մանկական փոխպատվաստումները կարվեն Արաբկիր ԲԿ-ում, իսկ մեծահասակներինը՝ Աստղիկ ԲԿ-ում և հետագայում կներգրավվի Էրեբունի ԲԿ-ն: Պայմանավորվել են նաև, որ Բելառուսի մասնագետները գալու են Հայաստան և մեր հետ համատեղ հայազգի հիվանդների վրա մի քանի փոխպատվաստում իրականացնեն. դա էր արդյունավետությունը»,- իր խոսքը եզրափակել է Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ Հայաստանից մի խումբ մասնագետներ այցելել են Բելառուս` տեղում ծանոթանալու մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագրի փորձին: Այցին հաջորդել է այս բնագավառում երկու երկրների առաջատար հաստատությունների`«Մինսկի Վիրաբուժության տրանսպլանտաոլոգիայի և արյունաբանության գիտահետազոտական կետրոնի» և «Արաբկիր» Բժշկական Համալիր և Երեխաների և դեռահասների Առողջության Ինստիտուտի համագործակցության պայմանագրի ստորագրումը, որով նախատեսվել է մասնագետների փոխադարձ այցեր, փորձի փոխանակում, համատեղ կոնֆերանսների կազմակերպում, ոլորտի զարգացում:

Համագործակցությունն ուղղված է մասնավորապես երիկամների և լյարդի փոխպատվաստման ոլորտի զարգացմանն` ինչպես կենդանի, այնպես էլ դիակային դոնորների դեպքում: Ստորագրված հուշագրի շրջանակներում օրերս «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետները` մեկնել են Մինսկ և ներկա գտնվել երեխային հարազատից լյարդի (մի հատվածի) փոխպատվաստման վիրահատությանն, ինչպես նաև հետվիրահատական հսկողության և հիվանդի վարման գործընթացին: