Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Ապրիլյան քառօրյա պատերազմի իր հուշերով․

«2016թ. ապրիլի 2-ին շաբաթ օր էր: Ծնունդի էի հրավիրված: Զանգեց մտերիմներից մեկն ու ասաց, որ Արցախում կռիվ է: Ճշտելու համար զանգեցի Ստեփանակերտ, գործընկերներից մեկն ասաց, որ լայնամասշտաբ կռիվ է, կեսօր էր, բայց ավելի քան 20 զոհ արդեն ունեինք:

Գնացի աշխատավայր: Գործընկերների հետ քննարկեցինք լրատվական հոսքի ճիշտ մատուցումը, որպեսզի մի կողմից հանրությանը խուճապի չմատնենք, մյուս կողմից չթաքցնենք այն, ինչ կատարվում է Արցախում:

Երեկոյան կողմ ՀՀ նախագահը հայտարարեց 20-ից ավելի զոհի մասին: Արցախից լուրերը գալիս էին կցկտուր ու իրար հակասող: Գիշերը զանգեց ընկերներից մեկն ու ասաց, որ երկուսիս անունն էլ գրել է կամավորական ջոկատի մեջ: Պատրաստվում էինք ամսի 3-ի երեկոյան մեկնել Արցախ, բայց միևնույն ժամանակ պարզ դարձավ, որ իմ աշխատավայրից ևս պետք է խումբ մեկնի՝ տեղում լուսաբանելու: Հաջորդ օրը գործընկեր օպերատորի և վարորդի հետ ճանապարհ ընկանք:

Արենիում գինի վաճառող ծանոթ կնոջ մոտ կանգնեցինք, արցունքն աչքերին մի քանի շիշ գինի դրեց հետներս. «կտանեք մեր տղերքին, մեր զինվորները կպահեն Արցախը, վստահ եմ»,- ասաց:

Գորիս չհասած՝ ծանոթները զանգեցին, թե սիսիանցի կամավորների մի ջոկատի վրա ադրբեջանական կամիկաձե դրոն է ընկել. կան զոհեր: Հետո անհանգստացած մեկ ուրիշը զանգեց, թե լրագրողների մեքենայի են թիրախավորել, լավ է՝ վնասներ չկան:

Ամբողջ ճանապարհը լարվածության, նոր զոհերի, կորցրած տարածքների մասին լուրերի և մեծ թվով ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ էր անցնում:

Ստեփանակերտում տղամարդ շատ քիչ կար. բոլորը ռազմաճակատում էին: Հանդիպեցի Դավիթ Բաբայանին (David Babayan). այլայլված էր, մոռացել էր, որ ծննդյան օրն է: Մի քիչ զրուցեցինք, երկու օր ոչինչ չէր կերել, բայց դա էլ չէր հիշում: Ասաց. «նախագահն էլ ոչինչ չի կերել, բայց դա էլ կարևոր չի, մենք տղերք ենք կորցնում, հասկանում ե՞ս, տարածքներ ենք կորցնում: Ծանր է վիճակը, բայց չենք էլ կարող հայտարարել: Բայց պետք է ուշքի գանք, պետք է հետ բերենք»:

Մեկնեցինք Հադրութ. հակասական լուրեր կային այնտեղից: Դավիթը խնդրեց, որ հետներս 3 արտասահմանցի լրագրողների տանենք:

Շարունակելի...»։