Առողջապահության նախարարության և «Գիլյադ» (Gilead Science Ireland UC ) ընկերության միջև գործակցության հուշագիր է կնքվել, որով «Գիլյադ» ընկերության կողմից Հայաստանին կտրամդրվի հեպատիտ C-ի բուժման սխեմայի համապատասխան գեներիկ դեղերի արտադրության, փաթեթավորման և ներմուծման լիցենզիա, հայտնել է նախարարության լրատվական ծառայությունը։

«Վիրուսային հեպատիտները աշխարհում առողջապահության գերակա խնդիրներից են և բնորոշվում են լայն տարածվածությամբ: Ներկայումս վիրուսային հեպատիտների դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի արդիական խնդիրներից է»,- ասել է նախարար Արսեն Թորոսյանը։

Նա հավելել է, որ նախարարության մասնագետների կողմից մշակվել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ազգային ծրագիր», որի շրջանակում նախատեսվում է առնվազն 1000 պացիենտի համար ապահովել հակավիրուսային դեղորայքային բուժում: