Արգենտինաբնակ երաժիշտ Գագիկ Գասպարյանի նախաձեռնությամբ Արգենտինայի Կորդոբա քաղաքի երաժշտական կրթության ուսումնասիրության քոլեջում, որտեղ հայ ուսանողներ ընդհանրապես չեն սովորում, հայ մշակույթը (երաժշտություն, ազգային փողային նվագարաններ, հայ երաժշտության պատմություն) պաշտոնապես ընդունվել է ուսումնական առարկա:

«Ամեն ջանք գործադրել եմ իմ գաղափարը կյանքի կոչելու համար: Սա հայ ժողովրդի ձեռքբերումն եմ համարում: Այս կարևոր հաղթանակը նվիրում եմ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին: Չէ՞ որ մեծ հայի երազանքն էր աշխարհին ծանոթացնել հայ մշակույթը, որպեսզի օտարները հայկական մշակույթով ճանաչեն հայ ժողովրդին և Հայաստանը: Այսօր նրա երազանքն իրականացնելու ճանապարհին ենք»,- ասել է Գագիկ Գասպարյանը: Գրում է «Հայերն այսօր»-ը։

Նա նշել է, որ քոլեջի պաշտոնական փաստաթուղթը հանձնվել է իրեն, և ապրիլի 1-ին արդեն առաջին դասախոսությունն է անցկացրել ուսանողների հետ, որոնք մեծ ոգևորությամբ լսել են նյութը:

Արգենտինաբնակ երաժիշտի խոսքով, օտարազգի ուսանողները սովորելուց հետո կդառնան աշխարհում հայկական մշակույթը տարածողները: