Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած պատվիրակության կազմում այցելել է Եթովպիա:

Աֆրիկյան պետություն կատարած այցի շրջանակում Ամալյա Եղոյանը հյուրընկալվել է Եթովպիայի Նորարարության և Տեխնոլոգիայի նախարարությունում, որտեղ հանդիպել է նախարար Գետահուն Մեկուրիայի հետ:

ՁԻՀ բիզնես զարգացման ղեկավարը նաև հանդիպում է ունեցել Աֆրիկայի հարցերով ՄԱԿ-ի Տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջիովանի Բիհայի հետ:

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ) Եթովպիայում փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադիս Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ:

«Հուշագրի ստորագրումը Եթովպիա այցի կարևորագույն ձեռքբերումներից էր: Այն նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական և ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձեւ համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում` Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL)ներդրում, ուսանողների և դասախոսների փոխանակում, համատեղ նախաձեռնությունների փոխադարձ խթանում և այլն»,- տեղեկացրել է Ամալյա Եղոյանը: