Ադրբեջանցի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովին տարել են Բաքվի ոստիկանության գլխավոր քաղաքային վարչություն «պրոֆիլակտիկ զրույցի համար»:

Նշենք, որ 2016թ-ին ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիյաս Իբրահիմովը 10 տարվա ազատազրկման էին դատապարտվել թմրանյութեր վաճառելու մեղադրանքով: Դրանից առաջ նրանք հակակառավարական կարգախոս էին գրել Հեյդար Ալիևի հուշարձանի վրա: Amnesty International-ը նրանց քաղբանտարկյալ էր ճանաչել: 2019թ-ի մարտի 16-ին նրանք ազատ են արձակվել համաներման շրջանակում: Մարտի 30-ին Բայրամին կրկին են ձերբակալել և դատապարտել 30 օրվա վարչական կալանքի՝ մեղադրելով ոստիկանությանը չենթարկվելու մեջ:

Ապրիլի 3-ին Գիյաս Իբրահիմովին մի քանի անգամ զանգահարել են՝ պահանջելով ներկայանալ ոստիկանություն, սակայն վերջինս հրաժարվել է՝ պաշտոնական ծանուցում պահանջելով, գրում է Jam-News-ը:

Ոստիկանները եկել են ծանուցումով և տարել նրան ոստիկանություն: Գիյասը սոցցանցում ուղիղ եթեր է դուրս եկել և պատմել կատարվողի մասին, մեծ աղմուկ է բարձրացել: BBC-ին ՆԳՆ-ում ասել են, որ ուղղակի ցանկանում են զրուցել Գիյասի հետ և ազատ արձակել նրան:

Գիյասին ազատ են արձակել 1,5 ժամից, իսկ պատճառը եղել է նրա գրառումը հօգուտ Բայրամի, որը ոստիկանությունը որակել է որպես վիրավորանք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին:

Նրան ազատ են արձակել, բայց զգուշացրել են, որ ոստիկանությունը ոչնչով նրան չի կարողանա օգնել, եթե Ալիևի բազում երկրպագուները ցանկանան «փողոցում» խելք սովորեցնել նրան: