Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է Արարատի և Արմավիրի մարզերում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագիր։

Գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ՝ եթե ծրագիրն իրականացվի, և փորձադաշտը տնօրինող հողօգտագործողը կատարի համալիր միջոցառումներ, ցեցի հասցրած վնասից բերքի կորուստը կկանխվի առնվազն 70 %-ով:

Ծրագրի շրջանակներում կիրականացվի նաև միջոցառումներ, խորհրդատվություն՝ այդ աշխատանքներում տնտեսավարողների իրազեկվածության բարձրացման նպատակով։ Այս ծրագիրը դեռևս կկատարվի Արարատի մարզի Ոսկետափ և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում՝ 10 հեկտար տարածքի վրա։

Ծրագրին իրականացնելու է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը՝ հաշվի առնելով առկա գիտական ներուժը, ինչպես նաև ծրագրի իրականացմանը ուսանողների ներգրավման հնարավորությունները:

Ըստ գործադիր ներկայացված որոշման նախագծի՝ Հայաստանի տարածքում լոլիկի հարավամերիկյան ցեցն առաջին անգամ հայտնաբերվել է 2012թ-ին Արարատի մարզի Դարակերտ և Ղուկասավան համայնքներում։ Ցեցը սնվում է մորմազգի մշակաբույսերի տերևներով, պալարներով և պտուղներով, թիթեռների թռիչքը սկսվում է վաղ գարնանը և շարունակվում մինչև հոկտեմբերի վերջը։ Հողօգտագործողները, չկարողանալով ճիշտ որոշել պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները, ստիպված ավելացնում են քիմիական մշակումների քանակը, կատարում լրացուցիչ և անարդյունավետ ծախսեր, որոնց արդյունքում բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ստացվող եկամուտը:

Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ՝ 2013թ-ին տնտեսավարողների համար կազմակերպվել են ուսուցումներ, 2014-2015թթ-ին ձեռք են բերվել ֆերոմոնային թակարդներ, որոնց միջոցով իրականացված դիտարկումների հիման վրա տնտեսավարողներին տրամադրվել է խորհրդատվություն։

Սակայն նախարարության գնահատմամբ, չնայած ձեռնարկված միջոցներին, դեռևս ցածր է տնտեսավարողների իրազեկվածության աստիճանը: Անհրաժեշտ է գիտականորեն հիմնավորված պայքարի միջոցառումների արդյունավետության տեսանելի ցուցադրություն: Տնտեսվարողների համար լոլիկի դաշտում կազմակերպվող սեմինարներն ավելի ուսուցողական և արդյունավետ են: