ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի ընկերներ, մի գաղափար կա, որով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ և մինչև դրան միս ու արյուն տալը, կցանկանայի հանրային քննարկման դնել: Խոսքը վերաբերում է բուհերում դասավանդվող առարկաների ցանկից ոչ մասնագիտական առարկաների դուրսբերմանը կամ կրճատմանը և դրա փոխարեն մասնագիտական առարկաների և դրանց կրեդիտների ավելացմանը: Այս խնդիրը հատկապես առկա է 1-2 կուրսերում, երբ ուսանողները հիմնականում անցնում են ոչ մասնագիտական առարկաներ և հաճախ հենց նաև այդ պատճառով է կորչում սովորողների մոտիվացիան, բացի այդ բուհերում սովորողները կհաստատեն, որ շատ հաճախ նեղ մասնագիտական առարկաների ուսուցմանը հատկացվում է 1 կիսամյակ, այնինչ ոչ մասնագիտականներին՝ 2-4 կիսամյակ:

Նշածս գաղափարը բերեմ օրինակի տեսքով, սակայն այս պատկերն է բոլոր բուհերում: Մասնավորապես ՀՊՏՀ-ում մասնագիտական առարկաներն ուսանողներն անցնում են որպես կանոն 1 կիսամյակ և շատ հաճախ մի շարք մասնագիտական առարկաներ չեն կարող անցնել, քանի որ բավարար դասաժամանակ չկա և ամբիոնները ստիպված են դրանք ներառել ընտրովի առարկաների ցանկում, սակայն դրա փոխարեն, օրինակ, երեխաները 4 կիսամյակ ֆիզկուլտուրա առարկա են անցնում, որին, որպես կանոն, շատ քիչ են հաճախում, քանի որ դրա համար նախատեսված է 0 կրեդիտ: Նույնը վերաբերում է քաղպաշտպանություն, էկոլոգիայի հիմունքներ, փիլիսոփայություն, հայոց լեզու և նմանատիպ այլ առարկաների, որոնք այո՛, շատ կարևոր են, սակայն ենթադրվում է, որ սովորողները դրանք պետք է ուսանած լինեին դպրոցական տարիներին և, ըստ էության, բուհերում այս մասով սովորողները չեն ստանում ոչինչ ավելին, քան դպրոցական ծրագրում է, կրկնում եմ չեն ստանում ոչինչ ավելին և տրվում է նույն դպրոցական բարձր դասարանների նյութը: Այս նույն տրամաբանության մեջ 21-րդ դարի տնտեսագետը բուհում օտար լեզու է անցնում ընդամենը 2 կիսամյակ, ինչը, միանշանակ, բավարար չէ:

Հ․Գ․ Հասկանում եմ, որ որոշակի շրջանակներ, որոնց ուղղակի շահերին է հարվածելու այս գաղափարը, պայքար կսկսեն իմ համեստ անձի դեմ, և չհամարելով առաջարկածս թեզը վերին աստիճանի ճշմարտություն, տեղեկացնում եմ, որ պատրաստ եմ բանավիճել միայն փաստարկված գաղափարների շուրջ:

Հ․Գ․ 2․ Պատկերացրեք մեր կրթական համակարգը հասել է երազանքի մակարդակի և մեր երկիր սովորելու են գալիս հազարավոր ուսանողներ Կորեայից, Վիետնամից, Հունգարիայից, Արգենտինայից, Հունաստանից, Նոր Զելանդիայից և այլ երկրներից և մենք նրանց սովորեցնում ենք օրինակ հայոց լեզու և գրականություն: Չպատկերացրեցիք չէ: Հիմա կարող եք հակադարձել, որ նրանց համար կարող է լինել այլ ծրագիր, որտեղ այդ առարկաները չկան, համաձայն եմ, բայց այդ դեպքում այս առարկաների փոխարեն մենք ծրագիրը լցնելու ենք մասնագիտական առարկաներով և արդյունքում ստացվելու է, որ օտարերկրյա ուսանողներն անցնում են ավելի շատ մասնագիտական առարկաներ, քան հայաստանցիները և արդյունքում նրանց մրցունակությունը լինում է ավելի բարձր, քան մեր ուսանողներինը:

Հ․ Գ․ 3․ Այս նույնը կարող ենք պատկերացնել պոլիտեխնիկականի, բժշկականի, կոնսերվատորիայի կամ ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողի համար:

Հ․Գ․ 4․Որոշակի նկատառումներից ելնելով կարող եմ քիչ թե շատ համաձայնել միայն հայոց պատմության առարկայի առարկայացանկում մնալու հետ, սակայն այստեղ կրթությունը պետք է լինի բոլորովին այլ մակարդակում, որը չի տրվում դպրոցական ծրագրերում:

Հ․Գ․ 5․ Հասկանում եմ նաև, որ որոշ դասախոսական շրջանակներ աշխարհի հնարավոր ու անհնար պատճառները կբերեն իրենց առարկայի ամենակարևորը լինելու մասին, սակայն կարծում եմ՝ ամենակարևորն ուսանողի շահն է, ոչ թե դասախոսի կամ բուհինը»։