Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդիպում է ունեցել ապագա բժիշկների հետ։

Բժշկական կրթություն մատուցող բուհերի ուսանողները ՈԱԱԿ-ում քննարկել են, թե որոնք են իրենց կրթության ռիսկերը։

Ուսանողների խոսքով՝ մասնագետ դառնալու ճանապարհին հիմնական խոչընդոտները բուհում ռեսուրսների, ինչպես նաև պրակտիկ կրթության պակասն են։ Նրանք կարևորել են դասախոսների դերը՝ նշելով, որ դասախոսը պետք է թե մոտիվացված, թե պատասխանատու լինի ուսանողին սովորեցնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ուսանողների մոտիվացիայի խնդիրը։ Ուսանողների պնդմամբ՝ իրենք մոտիվացված են բուհ գալիս, սակայն պրակտիկ, մասնագիտական դասաժամերի պակասն աստիճանաբար հիասթափություն է առաջացնում իրենց մոտ։

Ուսանողները կարևորել են նաև գործատուների մասնակցությունը կրթական գործընթացին՝ նշելով, որ աշխատաշուկայում պահանջված դառնալու ուղիներից մեկն էլ բուհ-գործատու սերտ համագործակցությունն է։

Նշենք, որ հանդիպման մասնակից ուսանողները նաև ուսանող-փորձագետ դառնալու ցանկություն են հայտնել․ նրանք մասնակցում են ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագծի դասընթացին։ Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները ընդգրկվելու են ուսանող-փորձագետների բազայում և հետագայում հնարավորություն են ունենալու մասնակցելու բուհերի հավատարմագրման գործընթացներին փորձագիտական խմբի կազմում։