Գործադիրը հաստատել է ՀՀ գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում ծրագիրը:

Կառավարության 2017թ-ի օգոստոսի 31-ի որոշմամբ հավանության արժանացած «ՀՀ գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով նախատեսվում էր մատչելի պայմաններով, մասնավորապես՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմների կիրառմամբ, աջակցել գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը:

Ծրագրի շրջանակում կարկտապաշտպան ցանցային համակարգերը պարտադիր պետք է տեղակայվեր կապալառու կազմակերպության կողմից: Պիլոտային ծրագրում առկա խոչընդոտները պարզելու նպատակով նախարարությունում և մարզերում կազմակերպվել են քննարկումներ բանկերի, կապալառու կազմակերպությունների, այգեգործությամբ զբաղվող տնտեսավարողների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների ընթացքում ներկայացված առաջարկների հիման վրա ծրագիրը լրամշակվել է:

Ներկայացվող ծրագրով նախատեսվում է, որ կարկտապաշտպան ցանցային համակարգերը կարող են տեղակայվել ինչպես կապալառու կազմակերպության, այնպես էլ տնտեսավարողի կողմից: Ծրագրով առաջարկվող մատչելի մեխանիզմների կիրառմամբ հնարավորություն կստեղծվի 2019թ-ին շուրջ 250 հա խաղողի և պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար, որը երաշխիք է կարկտահարությունից պտղի և խաղողի բերքի շուրջ 100 տոկոսով պաշտպանության:
Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերը կսուբսիդավորվեն այնպես, որ վարկը տնտեսավարողին տրամադրվի 2% տոկոսադրույքով, հայկական դրամով, վարկի մարման 7 տարի ժամկետով, 6 ամիս մարման պարբերականությամբ: