«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, հայ ժողովրդի փառահեղ հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդն և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով մայիսի 9-ին Երևանում անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը:

Ակցիան մեկնարկելու է մայիսի 9-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից: Քայլերթի մասնակիցներն, ինչպես նախորդ տարիներին, իրենց հետ տանելու են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:

Քայլերթին մասնակցելու են ՀՀ ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններ և այլոք:

Ակցիայի նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին հիշողությունը:

«Անմահ գունդ» խորագրով քայլերթին մասնակցելու համար կարելի է մեծացնել, մշակել, տպագրել հարազատների լուսանկարները և պատրաստել փայտե պլակատներ միանգամայն անվճար «ՅՈՒՊԻՏԵՐ ՖՈՏՈ ԷՔՍՊՐԵՍ» ընկերությունում, որը «Հայաստանի Անմահ գունդ» քայլերթի գլխավոր գործընկերն է։