ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը մարտի 26-ին դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ գործ հարուցելու խնդրանքով: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ դիմել են այն հիմքով, ըստ որի՝ Գրիգորյանի առողջության գնահատականի վերաբերյալ եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով այդ պահին ազատված է եղել այդ պաշտոնից.

«Վարույթ իրականացնող մարմինը, որպես հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, բազմիցս բարձրաձայնել է, որ թեպետ Մանվել Գրիգորյանը, տառապում է ծանր հիվանդությամբ, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, և կարող է կալանքը կրել: Սակայն մենք պնդում ենք, որ այդ եզրակացությունը անհիմն է և ոչ իրավաչափ, որովհետև հանձնաժողովի նախագահն, ով առողջապահության փոխնախարար էր, ստորագրության պահին՝ հունվար ամսին, վարչապետի՝ նախորդ տարվա դեկտեմբերի հրամանով ազատված է եղել աշխատանքից»:

Բաղդասարյանը նշել է նաև, որ պաշտպանական կողմի այս դիմումը երեկվա նիստում բանավոր կարգով օգտագործվել է: