Կառավարությունը որոշել է լուծարել Մեծաձորի հիմնական դպրոցը։ Որոշման նախագիծը ներկայացրել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, սակայն հարցը չզեկուցվող է և որևէ քննարկում չի սպասվում։

Դպրոցի լուծարման պատճառը աշակերտների թվի նվազումն է: Ըստ որոշման նախագծի՝ Մեծաձորի հիմնական դպրոցում ուսանում է 2 աշակերտ, իսկ ուսուցիչները, վարչական և սպասարկման անձնակազմը՝ 9 հոգի է:

«Բնականոն հանրակարթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտ է հանդիսանում աշակերտների թվի նվազումը, որը հանգեցնում է դասարանների ոչ լիարժեք կոմպլեկտավորմանը»,- գրված է որոշման նախագծում:

Պաշտոնյաներն առաջարկում են աշակերտների ուսուցումը կազմակերպել Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3.5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ:

Ընդ որում՝ նախագծի ընդունման դեպքում չինովնիկներն ակնկալում են ապահովել կրթության որակի բարձրացում և պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում: