Քննչական կոմիտեն հայտնում է, որ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ ավիատոմսեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդուն:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբեր ամսին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984թ-ին, պատրաստել և իրացրել է Երևան-Կիև, Կիև-Երևան չվերթի՝ թվով 5 ավիատոմս:

Իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը:

Մասնավորապես՝ 34-ամյա տղամարդը, ով տարիներ շարունակ աշխատել է ավիատոմսերի վաճառքով զբաղվող ՍՊ-ում, որոշել է իր գործունեությունը շարունակել համացանցի միջոցով:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ կեղծ ավիատոմսերը ձեռք բերած անձը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տեղեկացել է 34-ամյա տղամարդու կողմից բացված կայքի մասին: Դեպի Ուկրաինա չվերթի տոմսեր ձեռք բերելու նպատակով կինը զանգահարել է կայքում նշված բջջային հեռախոսահամարին և պատվիրել Երևան-Կիև, Կիև-Երևան չվերթի՝ թվով 5 ավիատոմս՝ ընդհանուր 207 000 ՀՀ դրամ արժեքով:

Պարզվել է, որ տղամարդն էլեկտրոնային կեղծ ավիատոմսերը պատրաստել է իր մոտ եղած ավիատոմսի օրինակով և համակարգչի օգնությամբ:

Հետագայում տոմսերը պատվիրած քաղաքացին օդանավակայանում պարզել է, որ իր անվամբ ինքնաթիռի էլեկտրոնային ավիատոմսերի ամրագրումներ չեն կատարվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: