ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հանձնաժողովը չի իրականացրել գնագոյացման և մանրածախ/մեծածախ շուկայի ուսումնասիրություններ, չի արձանագրել գերշահույթի դեպքեր: Փոխարենը, անընդհատ վկայակոչվում է դեռևս երկու տարի առաջ իրականացված Ռուսաստանում, Վրաստանում և Հայաստանում դեղերի գների ուսումնասիրության տվյալներ, որոնց վերաբերյալ առողջապահության նախարարությունը ներկայացրել է իր դիրքորոշումը՝ ամրագրելով, որ դրանք չեն հիմնավորում էժան ձեռք բերված դեղերը ցածր գներով իրացնելու «վարկածը»:

Նշենք, որ ուսումնասիրված երկրներից Ռուսաստանում «զուգահեռ ներմուծում» չի իրականացվում և որոշ դեղերի ցածր լինելը գների գրանցման ընթացակարգերի ներդրման և մեծ զեղչեր ստանալու հետևանք է, իսկ Վրաստանում դեղերի շրջանառության համար ավելացված արժեքի հարկ սահմանված չէ և, այնուամենայնիվ, հանձնաժողովի ներկայացրած ցանկում առկա են դեղեր, որոնց գները Հայաստանի գներից չեն տարբերվում, իսկ որոշ դեպքերում անգամ բարձր են: Հանձնաժողովը չի ներկայացնում նշված 3 երկրի միևնույն դեղերի ներմուծման գների համեմատական տվյալներ, որը շատ կարևոր է ճիշտ եզրահանգումների համար. մի խումբ դեղեր համեմատվել են Հայաստանի և Վրաստանի համար, մեկ այլ խումբ՝ Ռուսաստանի և Հայաստանի համար»։