ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօրվա կառավարության նիստում հանրային առողջապահության տեսանկյունից երկու կարևոր որոշում ընդունվեց:

Պարզեցվել է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների տրամադրման կարգը, փոխվել է փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, յուրաքանչյուր վիրաբուժական ծառայություն ծավալող բաժանմունքի կառուցվածքը պարզեցվել է, նույն կետում հստակ նշելով հարակից գործառնական ստորաբաժանումները, կրճատվել են մի շարք պարտադիր պահանջ հանդիսացող բժշկական նշանակության պարագաներ և սարքեր, որոնք վաղուց արդեն չեն կիրառվում բժշկագիտության ոլորտում։

Սահմանվեցին մինչև 7 և 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման համար, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված առանձին պահանջներ։ Վերջին փոփոխությունը ամբողջությամբ ներկայացնում եմ ստորև.

«159. Մինչև 7 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:»,

«159.1. 7-ից մինչև 12 տարեկան երեխաների փոխադրումը թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում, որոնց կառուցվածքով նախատեսված են անվտանգության գոտիներ կամ անվտանգության գոտիներ և «ISOFIX» մանկական պահող համակարգ, պետք է իրականացվի երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով կամ անվտանգության ամրագոտիների օգտագործման միջոցով, իսկ թեթև մարդատար ավտոմոբիլի առջևի նստատեղում՝ միայն երեխայի քաշին և հասակին համապատասխանող մանկական պահող համակարգերի (սարքերի) օգտագործման միջոցով:

159.2. Թեթև մարդատար ավտոմոբիլում և բեռնատար ավտոմոբիլի խցիկում մանկական պահող համակարգերի (սարքերի) տեղադրումն ու դրանցում երեխաներին տեղավորումը պետք է իրականացվեն նշված համակարգերի (սարքերի) շահագործման հրահանգներին (կանոններին) համապատասխան:

159.3. Արգելվում է մինչև 12 տարեկան երեխաներին փոխադրել մոտոցիկլի հետևի նստատեղին, ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլի թափքում (բացառությամբ ֆուրգոն թափքով ավտոմոբիլի)»։