Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։

Թուրքիայի արտգործնախարարությունն այդ առթիվ դատապարտող հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվել է նաև, որ Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի ընդունած բանաձևն անխուսափելիորեն իր ազդեցությունը կունենա Իտալիայի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա․

«Ինչպես պատմությունը քաղաքականացնող մյուս բոլոր նախաձեռնությունները՝ այս բանաձևն էլ Թուրքիայի համար ոչ մի իրավական ուժ չունի»,- հայտնում է Ermenihaber-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ն նաև պնդել է, որ Հայոց ցեղասպանության թեման օրակարգ է բերվում կամ ընտրություններից առաջ, կամ հակաթուրքական համատեքստում՝ շեշտելով, որ այդ ջանքերը կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերի ու կխոչընդոտեն ապագային ուղղված դրական նախաձեռնությունները։

Թուրքիայի նախագահականի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունից և Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի կոշտ արձագանքներից հետո թեմային անդրադարձել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ինչպես և նախորդ թուրք պաշտոնյաները, Չավուշօղլուն ևս Twitter-ի էջում գրառում է կատարել.

«Իտալիայի պատգամավորների պալատի որոշումն իրավական ուժ չունի ճիշտ այնպես, ինչպես պատմությունը քաղաքակացնելու բոլոր փորձերը»։