Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ «Սպայկա» ընկերությունը շարունակի իր գործունեությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։

Հարցին, թե «Սպայկայի» շուրջ ստեղծված աղմուկից հետո լուրեր կան, որ շուկա է մտնում «Բեստ Ֆրութ» ընկերությունը, Դավիթ Անանյանն ասել է որ առաջին անգամ է լսում, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք «Սպայկայի» ղեկավարության նկատմամբ, նրանց արարքների քրեաիրավական գնահատական տալու քննություն ենք իրականացնում։ Եթե տնտեսագիտական կողմը նայենք, օրինակ՝ որպես կառավարություն, ամեն ինչ կանենք և անելու ենք, որ «Սպայկան» որպես տնտեսվարող սուբյեկտ իր գործունեությունը շարունակի։

Բայց մենք դիլեմայի առաջ ենք կանգնած։ Այո՛, մենք չենք ուզում, որ «Սպայկան» խաթարի իր գործունեությունը։ Բայց գործունեությունը չխաթարվելու որպես նախապայման ընդունելը, որ քրեաիրավական գնահատական չպետք է տանք ղեկավարության նախկին վարքագծին, մենք պատրաստ չենք այդպիսի կոմպրոմիսի», - ասել է Դավիթ Անանյանը։