Ալեքսանդր Սարգսյանը հանդիպել է Չեխիայում ձերբակալված իր որդու՝ Նարեկ Սարգսյանի հետ։ Դատարանում լրագրողներին հայտնել է Ալեքսանդր Սարգսյանի կրտսեր որդին՝ Հայկ Սարգսյանը։

Հարցին, թե մամուլը գրում է, որ նրա եղբայրն ապաստան է խնդրել Չեխիայի իշխանություններից, որևէ տեղեկություն ունի, նա բացասական պատասխան է տվել։ Նա նաև տեղյակ չէ եղբոր՝ Հայաստան արտահանձնման գործընթացից։

Պատասխանելով հարցին, թե նրա հայրը մտադիր չէ՞ վերադառնալ Հայաստան, Հ. Սարգսյանն ասել է.

«Մտադիր է, ոնց մտադիր չէ։ Սակայն չգիտեմ երբ»։

Հարցին, թե ի՞նչ գործերով է նրա հայրը Եվրոպայում, ասել է. «Հանգստանալու»։

Ինչ վերաբերում է կոնկրետ Հ. Սարգսյանի գործին, նրա փաստաբան Երեմ Սարգսյանն ասել է, որ օբյեկտիվ քննության դեպքում ակնկալում են արդարացում։

Հիշեցնենք, որ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ 2018 թ. սեպտեմբերին 10-ին դատարանի որոշմամբ 50 միլիոն դրամ գրավով նա ազատ էր արձակվել։

Ինչ վերաբերում է նրա եղբորը՝ Նարեկ Սարգսյանին, հիշեցնենք, որ 2018 թ. հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Քննարկվում է նրա՝ Հայաստան արտահանձնման հարցը։