ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 8-ին Լոս Անջելեսում՝ Գլենդելի «Ալեքս» թատրոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է, որ շատ երկար է սպասել այդ հանդիպմանը։

Վարչապետի տիկնոջ գրասենյակի փոխանցմամբ՝ խոսելով ԱՄՆ կատարած այցի և հանդիպումների մասին, տիկին Հակոբյանն անկեղծացել է, որ հանդիպումների ընթացքում բացահայտել է, որ միջազգային գործընկերների համար Հայաստանն այլևս այն խեղճ, կորացած մեջքով պետությունը չէ մեր գործընկերների աչքում. «Հայաստանն իր մեջքը ամուր ուղղած պետություն է, որին նայում են որպես մի երկրի, որ արել է մի բան, որ իրենք չեն արել իրենց պատմության ընթացքում»:

Հարցերից մեկին, թե ինչպես կարող են տեղացի հայերը միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, Աննա Հակոբյանն ասել է, որ ծրագիրը դեկլարատիվ բնույթ է կրում և չկա հատուկ ձև, որի միջոցով հնարավոր լինի միանալ նախաձեռնությանը։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում հայրենադարձությանը, Աննա Հակոբյանը նշել է, որ հայրենադարձությունն ամենակարևոր բաներից մեկն է և հույս ունի, որ հայրենադարձության տեմպը կբազմապատկվի.

«Ցանկանում եմ որ յուրաքանչյուր մարդ վերադառնա հայրենիք, որովհետև հայրենիքում իսկապես շատ լավ է»: