Այսօր աղի հանքի աշխատակիցներն ի նշան բողոքի իջել էին հանք ու չէին բարձրանում։ Նրանք դժգոհ են ցածր աշխատավարձերից։

«Ես գնացի, հանք իջա, խոսեցի նրանց հետ, պրոբլեմները վերլուծեցինք, իրենք էլ հասկացան, որ պայքար է պետք, ես էլ եմ իրենց կողքին, կողմնակից խնդրի լուծմանը»,- ասել է «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանը։ Գրում է «Պանորամա»-ն։

Տնօրենն ասում է՝ իր աշխատավարձն էլ է ցածր։ Նրա ներկայացմամբ, աշխատավարձը վերջին ամիսներին նվազել է, քանի որ կրճատվել են վաճառքի ծավալները։

«Հայաստան ինտերվենցիայի տեսքով մտել է պարսկական աղը, տեխնիկական աղը։ Այդ մասին «Պանորամա»-ն գրել է, սակայն խնդիրը մինչև հիմա չի լուծվել։ Նամակներ ենք գրել տարբեր ատյաններ, ինչ-որ մարմիններ զբաղվում են, շոշափելի արդյունք չունենք։ Հիմա էլ պատրաստվում ենք վարչապետին նամակ գրել, տակն էլ 300 ստորագրություն դնել, ասել եմ, առաջինը ես կստորագրեմ։ Փորձենք էս հարցին լուծում տալ»,- նշում է նա։

Հիմա, ըստ տնօրենի ներկայացրած տվյալների, հանքափորների աշխատավարձը նվազել ու հավասարվել է 100-120 հազար դրամի, առավելագույնը՝ 130 հազար դրամ։ Քանի դեռ աղը լավ վաճառվում էր, միջին աշխատավարձը հասնում էր 180-200 հազար դրամ։ Իրավիճակից ելք գտնելու համար շատ աշխատողների ձևակերպել են կես դրույքով։

«Այսօր ապօրինություններն աղի շուկայում շարունակվում են։ Ներմուծողների կողմից հարկային վճարումները կատարվում են մոտավորապես 3 անգամ պակաս, քան մենք ենք վճարում։ Ինչպես ասում են, արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին, ես էլ աղի մասին երգը երգելով»,- ասել է նա։

Որպես տեղական արտադրող, ընկերության տնօրենը մի բան է խնդրում՝ հավասար պայմաններ ներմուծողների հետ։

«Եթե ներմուծողը մեկ կգ աղի համար վճարում է 12 դրամ հարկ, ես էլ եմ ուզում 12 դրամ վճարել։ Եթե ես պիտի վճարեմ 36 դրամ, թող նրանք էլ այդքան վճարեն։ Հակառակ դեպքում մրցակցել հնարավոր չէ»,- ասել է նա։