Թուրքիայում փաստաբանները կամայական պատիժների են ենթարկվում։

Ամերիկյան «Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ փաստաբանների նկատմամբ նման վերաբերմունքը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած բռնաճնշումների քաղաքականության մի մասն է կազմում, փոխանցում է ermenihaber-ը։

Ապրիլի 10-ին հրապարակված 56 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվել Թուրքիայում ձերբակալված կամ կալանավորված փաստաբանների վիճակին։ Նշվել է, որ այս երկրում հարյուրավոր փաստաբաններ կամայականորեն մեղադրվում և կալանավորվում են, ինչպես նաև՝ կոչ է արվել բոլոր համապատասխան միջազգային կառույցներին, այդ թվում՝ Եվրոպայի հանձնաժողովին ու Եվրոպայի խորհրդին՝ հալածանքներն ու կալանավորումները դադարեցնելու նպատակով ճնշում գործադրել Անկարայի վրա։

HRW-ի՝ Թուրքիայի հարցերվ մասնագետ Էմմա Սինջլեր Վեբբը նկատել է տվել, որ վերջին շրջանում Թուրքիայում դատարանի առաջ կանգնած փաստաբանների թիվը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշին է հասել։

«Իրավական մեղադրանքների չարաշահման առումով Թուրքիան բավական յուրահատուկ փուլում է։ Բայց երբ թիրախավորվում են նաև փաստաբանները, իրավիճակն ավելի մտահոգիչ է դառնում։ Որովհետև փաստաբանները նրա համար են, որ երբ դուք դատարան ընկնեք, ձեզ պաշտպանեն։ Սա ողջ հանրությանը վախեցնող ուղերձ է պարունակում», - նշել է Վեբբը։

Զեկույցն անդրադարձել է նաև Թուրքիայում գործող «Կալանավորված փաստաբանների նախաձեռնությանը», որի տվյալների համաձայն՝ 2019թ․ ապրիլի դրությամբ այս երկրում 1546 փաստաբանի դեմ դատավարություն է ընթանում։ Նրանցից 274-ը ահաբեկչական խմբավորման անդամակցության մեղադրանքով արդեն դատապարտվել է։ Իսկ 598-ը մինչև դատական նիստը տարբեր ժամկետներով ձերբակալված է մնացել։

Թուրք փաստաբանները HRW մասնագետներին պատմել են, որ հեղաշրջումների կազմակերպիչ համարվող ՖԵթհուլլահ Գյուլենին աջակցելու մեջ մեղադրվողները փաստաբան գտնել չեն կարողանում։ Նրանցից մեկը պնդել է, որ նմանատիպ իրավիճակ չի եղել անգամ 1980թ․ սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո։

«Այն ժամանակ այսօրվա չափ կոտրված հասարակություն չունեինք», - ասել է թուրք փաստաբանը, որի անունը անվտանգության նկատառումներով չի հրապարակվում։