Այսօր կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները և նրանց աջակիցներն այգու հարակից տարածքում բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

«Մեր պահանջն այն է, որ տնօրենն ու իր մանկլավիկներն ազատեն իրենց զբաղեցրած պաշտոնները, որովհետև մասնագիտական առումով ոչ կոմպետենտ են ու կենդանաբանական այգին տանում են կործանման»,- ասում են ցուցարարները:

Նրանք պնդում են, որ այգին դիտավորյալ կործանման տանելու նպատակը Կենդանաբանական այգու կենդանիների սեփականաշնորհումն է:

«Իրենք ունեն սեփական հիմնադարամ և իրենց շատ շահավետ է, որ այգում կենդանիներ չլինեն, ու վաղը Ռուբեն Խաչատրյանը հիմնադրամով ձեռք կբերի կենդանիներ և կտա վարձով: Ստեղ շատ ուժեղ մախինացիաներ են գնում»,- ասում են ցուցարարները:

Աշխատակիցները նշում են, որ այգու հազվագյուտ թռչուններից բազմացող զույգ մորուքավոր անգղերը, որ ամբողջ աշխարհում միայն 4 երկրի կենդանաբանական այգիներում կան (այդ թվում՝ Հայաստանում), տնօրենը նրանց փոխանակել է երկու կրիայի հետ և հիմա դրանք գտնվում են Ուրցաձորում և պատկանում են Ռուբեն Խաչատրյանի հիմնադրամին: