«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի նախաձեռնությամբ և Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ համույթը, կարևորելով ազգային մշակույթի պահպանումն ու տարածումը, Արցախի 15 դպրոցներում հանդես է գալիս համերգային ծրագրով:

Այս մասին ասել է «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի պարուսույց Մանուկ Հարությունյանը: Համերգային ծրագրի մեկնարկը տրվել է ապրիլի 9-ին՝ Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վանքգյուղերից: Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։

Նա նշել է, որ ծրագրի շրջանակներում համույթի անդամները ներկայացնում են հայ ազգային երգերն և պարերը, ինչպես նաև պատմում դրանց առաջացման պատմությունները, և բացատրում պարերի կատարման ճիշտ շարժումներն ու ձևերը:

Մեր այն հարցին, թե ինչպես են ընտրվել հանրապետության 15 դպրոցները, մեր զրուցակիցը պատասխանել է, որ դրանք այն կրթօջախներն են, որտեղ ուսուցանվում է «Ազգային երգ ու պար» առարկան: Ընտրված դպրոցների 5-րդ և 6-րդ դասարաններում առարկան ուսուցանվում է դեռևս 2017թ-ից:

Մ. Հարությունյանը ասել է նաև, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու: