ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում տվյալներ են ձեռք բերվել Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ նշված դպրոցի նախկին տնօրենը 2011թ-ի հուլիս-սեպտեմբեր ամիսներին և 2014թ-ի սեպտեմբերից մինչև 2015թ-ի սեպտեմբերը որպես հավաքարար աշխատանքի է ընդունել Երևան քաղաքի բնակչուհու, ով աշխատանքի չի ներկայացել, իսկ 2012թ-ի փետրվարից մինչև 2014թ-ի հուլիսը որպես լաբորանտ աշխատանքի է ընդունել իր դստերը, ով նշված ժամանակահատվածում սովորել է «Մխիթար Հերացու» անվան ԵՊԲՀ-ում և փաստացի չի աշխատել: Երևանի բնակչուհու անվամբ ընդհանուր առմամբ դուրս է գրվել 850.000, իսկ տնօրենի դստեր անվամբ՝ 2.180.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, ըստ նախնական տվյալների՝ տարբեր ԱՁ-երից դպրոցի համար տարբեր ապրանքներ են ձեռք բերվել, որոնք դպրոցը փաստացի չի ստացել: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ-ի նոյեմբերի 30-ին դպրոցի նախկին տնօրենը ՍՊ ընկերությունից դպրոցի համար ձեռք է բերել 372.440 ՀՀ դրամի ընդհանուր արժողությամբ տնտեսական ապրանքներ, որոնցից միայն մոտ 74.000 ՀՀ դրամի ապրանքներ են բերվել դպրոց, իսկ նշված հարցը կարգավորելու համար վերջինս հետին ամսաթվով կնքել է դպրոցի համար իբրև ձեռք բերված ապրանքներն ի պահ հանձնելու պայմանագիր:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում:

Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: