Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները կավարտվեն 2022թ․, սակայն 2020թ․ նախատեսվում է ջրամբարից մասնակի ոռոգում իրականացնել։ Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակից (ԾԻԳ) հայտնում են, որ ջուրը Վեդի գետից կհասցվի ջրամբար և առանց կուտակելու, նոր կառուցված ջուր փոխադրող համակարգով կտեղափոխվի ջրամբարի իշխման տակ գտնվող 8 համայնքների ջրթափ ավազաններ։

Վեդու ջրամբարը կառուցվում է Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերի գարնան ամիսների վարարումների ազատ հոսքերը: Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմելու է 29,4 մլն խմ, իսկ ջրատվությունը՝ 32,3 մլն խմ։

«Վեդի պատվարի և ոռոգման համակարգի կառուցման» ծրագիրը մեկնարկել է 2017թ․ մարտից, Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և Հայաստանի կառավարության 15 մլն եվրո համաֆինանսավորմամբ։ Ընդհանուր 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրը մի քանի բաղադրիչ ունի՝ ջրամբարը կառուցելուց բացի, ծրագրում ներառված են Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների ու ջրի փոխադրման համակարգի, ոռոգման համակարգի կառուցում և ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում։

Պաշտոնական շրջանակները վերջին օրերին առավել մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերում Վեդու ջրամբարի կառուցման ընթացքի վերաբերյալ՝ ցանկանալով հնարավորինս արագացնել շինարարությունը։ Հավանաբար այն պատճառով, որ Հայաստանում պլանավորված 4 ջրամբարներից՝ Վեդի, Սելավ Մաստարա, Եղվարդ, Կապս, ամենաիրատեսականը Վեդու ջրամբարի կառուցումն է։ Այն կայուն ֆինանսավորում ունի, չնայած, 2016թ․ հաստատված ջրամբարաշինության ծրագրով պլանավորված ու նախագծված աշխատանքների ծավալը զգալի նվազեցվել է։

ԾԻԳ-ից հայտնում են, որ ամբողջությամբ ավարտված են Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների կառուցումը, ինչպես նաեւ ջրի փոխադրման համակարգի ընդհանուր 10,6 կմ երկարությամբ խողովակաշարի տեղադրումը։ Ոռոգման համակարգի 36,2 կմ երկարությամբ խողովակաշարի տեղադրման աշխատանքները նույնպես ամբողջությամբ ավարտված են։ Խողովակաշարով ոռոգման ջուրը կհասցվի Վեդի ջրամբարի իշխման տակ գտնվող ավելի քան 3220 հա ոռոգելի հողատարածքների ջրթող ավազաններին։

Ծրագրի երրորդ՝ ներտնտեսային ոռոգման ցանցի վերակառուցում բաղադրիչով Վեդի ջրամբարի իշխման տակ գտնվող 8 համայնքների՝ Ուրցաձոր, Վեդի, Դաշտաքար, Գոռվան, Արարատ, Այգևան, Նոյակերտ, Ավշար, մոտ 4000 հա հողատարածքների համար ներտնտեսային ցանցի նախագիծ է մշակվել։ Սակայն, ֆինանսների սղության պատճառով ցանցը կկառուցվի 1300 հա-ի համար և, հավանաբար, նշված բոլոր համայնքներում այն պիլոտային կլինի։ Ներտնտեսային ցանցի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել տարեվերջին և կտևի 1,5 տարի։

«Արդյունքում կունենանք արդիական, անհրաժեշտ ճնշումներն ապահովող, անկորուստ ներտնտեսային ցանց, կահավորված ջրի ֆիլտրման և ավտոմատ կառավարման ջրաչափական համակարգերով, ինչը հնարավորություն կտա կիրառել կաթիլային կամ միկրոանձրեւացման ոռոգման նոր տեխնոլոգիաներ»,- հայտնում են ԾԻԳ-ից։

Ներտնտեսային ցանցը ջրամբարից սկսվող ոռոգման համակարգի շարունակությունն է մինչև ֆերմերային տնտեսություններ, այն ֆերմերներին հնարավորություն կտա, սեփական միջոցներով, կաթիլային ոռոգման համակարգ տեղադրել իրենց հողատարածքներում։

Վեդու ջրամբարաշինության ծրագրից ակնկալվող արդյունքները հետևյալն են՝

  • տարեկան կտնտեսվի մոտ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա,
  • ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն մինչև 20-25%-ով,
  • Սեւանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի,
  • Վեդիի ջրամբարի կառուցմամբ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը կնվազի (պոմպակայանների շահագործումից դուրս գալու արդյունքում), որը միանշանակ կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող Վեդու տարածաշրջանի ևս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը և այլն: