Եվրոպական տարբեր կառույցներ, կարծես, ուզում են վերանայել իրենց մոտեցումներն Արցախի հետ հարաբերությունների տեսանկյունից:

Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը։

Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ում իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է ակտիվացնել հարաբերություններն Արցախի հետ.

«Այնտեղ նաև որոշ քննադատական գաղափարներ են հնչել ԵԽԽՎ-ի նկատմամբ, որ այդ կառույցի դիրքորոշումը ինչ-որ տեղ նաև նպաստել է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին:

Դրանից անմիջապես հետո ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն հայտարարել է, որ պետք է նոր որակ հաղորդել Արցախի և նմանատիպ պետություների հետ հարաբերություններին և նշել է, որ պետք է Մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչը պետք է ուշադրություն դարձնի այդ հարցին:

Միատովիչը հայտարարել է, որ ուզում է «գորշ տարածքների» նկատմամբ ավելի մեծ հետաքրքրություն լինի, գնան այդ տարածքներ, տեսնեն` ինչ զարգացումներ են այնտեղ տեղի ունենում մարդու իրավունքների տեսակետից»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը:

Նա ընդգծել է, որ իրենք անմիջապես արձագանքել են, որ «գորշ տարածքներ» բառակապակցությունն անընդունելի է, որովհետև Արցախն ազատ, հասանելի երկիր է, բոլորն էլ կարող են գալ, ծանոթանալ:

«Եթե կա ցանկություն գալու, հարաբերվելու, մենք միայն ողջունում ենք այդ մոտեցումը, թող գան, ծանոթանան` ինչպիսի երկիր է և համեմատեն Ադրբեջանի հետ: Երբ մարդիկ գալիս են, տեսնում են բարբարոս երկիր Ադրբեջանը և ժողովրդավարության ուղին ընտրած Արցախը, իրենք եզրակացություններ անում են»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Դավիթ Բաբայանը: