Գրականության և արվեստի թանգարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է հայկական գրչությանը նվիրված նյութ.

«Գրի ու գրչության հանդեպ մեր ժողովուրդը դեռ 1000-ամյակներ առաջ տածել է բացառիկ հարգանք և ակնածանք: Դեռևս վաղ անցյալում հայ մտավորականները առանձնահատուկ ուշադրությամբ հետևում էին ձեռագրի որակին: Լույս էին տեսնում վայելչագրության, գեղագրության և արվեստագրության ալբոմներ, դասագրքեր, որոնք պարտավորեցնում էին գրել ոչ միայն անսխալ, այլև գեղեցիկ: Վարժարաններում և դպրոցներում հատուկ դասաժամեր էին տրամադրում գեղագիտության ուսուցմանը:

Պերճաշուք գիր ունենալու համար պատրաստվում էին նրբագեղ գրչածայրեր և դրանց շրջապատող բազում աքսեսուարներ: Թանաքամաններն ու գրչատուփերը, ծայր մաքրիչներն ու թղթահատները, ծծաններն ու թղթահատիչները զարդարում էին գրասեղանները: Դրանք պատրաստվում էին բյուրեղապակուց, ոսկուց ու արծաթից, բրոնզից և մալախիտից, փայտից ու մարմարից, և այդ շքեղ իրերով զարդարված գրասեղանները ստեղծում էին համապատասխան միջավայր, ուր անհնարին էր անփույթ ու անտարբեր լինել՝ գրչիդ ու գրածիդ հանդեպ»: