«Արարատ Ցեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է լրագրող Հասմիկ Դիլանյանը:

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում գործարանի սեփականատեր, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Ավելի վաղ ընկերության աշխատակիցներին տեղեկացրել են, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու: Ակցիայի մասնակիցները տեղեկացրել են, որ ըստ տնօրինության պարզաբանման, ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, և իրենք չեն կարող իրանական ցեմենտի հետ մրցակցել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշել է սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ պետական տուրք սահմանելով այդ ապրանքատեսակի համար։ Որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին: