«Նախաձեռնել ենք ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի ստեղծման գործը, որը նպատակ է հետապնում շուկաների, գոտիականության, տվյալների վերլուծությունը, որոնք կտրամադրենք մեր ֆերմերներին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը։

Նրա խոսքով, հաճախ նկատում են, որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պետք է արտադրել ու որտեղ պետք է արտադրանքը վաճառել։

Ինստիտուցիոնալ բարեփոխումների մեջ Գ. Գևորգյանը կարևորեց նաև վարչական ռեգիստրների ինստիտուտի ներդրումը, ինչը հնարավորություն կտա օնլայն ռեժիմով օբյեկտիվորեն տեսնել, թե որտեղ ինչ է կատարվում։ Խոսելով պետական օժանդակության ծրագրերի մասին, նա նշեց, որ 2 ուղղությամբ են տանում՝ առաջին՝ սուբսիդավորում են վարկային ռեսուրսներ, երկրորդ՝ ուղիղ ֆինանսավորում։

«Այսօր չկա գյուղատնտեսության ճյուղ, որը պետությունը ֆինանսական ռեսուրս չի տրամարդում։ Շատ է բարձրացվում հարցը, որ գյուղացիական տնտեսություններն այս կամ այն ձևով ծանրաբեռնված են վարկային բեռով կամ գրավի համապատասխան առարկա չունեն, որպեսզի օգտվեն այս ֆինանսական ռեսուրսից։ Սրա համար մինչև 5 միլիոն դրամ վարկը տրվում է երաշխիքով»,- նշեց Գ. Գևորգյանը։

Խոսելով հողային ռեֆորմների մասին, նա ասաց.

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում հողերի, վարելահողերի 40 տոկոսն այս կամ այն պատճառով չի օգտագործում, սկսած նրանից, որ արդյունավետ չէ դրանով զբաղվելը, վերջացրած նրանից, որ սեփականատերերի 20 տոկոսը Հայաստանում չեն։ Պետք է իրականացնենք հողերի գույքագրում, բացահայտենք հողերը չմշակելու պատճառները, օրենսդրական փոփոխությամբ հանդես գանք, որով կնախաձեռնվի հողերի պարտադիր վարձակալության ինստիտուտի հիմնումը։ Մենք սեփականության իրավունքից չենք ցանկանում որևէ մեկին զրկել, մարդը կման սեփականատեր, բայց եթե չի օգտագործում հողը, ապա կտա վարձով»։

Գյուղատնտեսական ոլորտի պատասխանատուի խոսքով, ներդնելու են հողերի կոնսոլիդացիայի ինստիտուտը, որպեսզի կարողանան համաչափ հողեր իրար կպցնել։ Նրա կարծիքով, պետությունը պարտավորություն կվերցնի իր վրա, որ եթե գյուղացին ցանկանում է վաճառել հողը, սակայն գնորդ չունի, ապա պետությունը կգնի, կկոնսոլիդացնի, կխոշորացնի և փաթեթով կվաճառի։

Նա ասաց, որ բնական աղետների հետ կապված բացի ապահովագրությունից, որը միայն ծախսերն է փոխհատուցելու, բերքի կորուստներից խուսափելու համար պետք են նոր տեխնոլոգիաներ կիրառել՝ հակակարկտային ցանցեր, կայաններ։ Նա նաև նշեց, որ իրենց համար դեռ պարզ չէ, թե հակակարկտային համակարգն ինչ արդյունք է տալիս։

Գեղամ Գևորգյանն ասաց, որ բոլոր փոփոխությունների իմաստն այն է, որպեսզի հասնեն իրենց երազած ֆերմերին, որն է՝ այն գյուղացիական տնտեսությունը, որը ցանկանում են տեսնել 10-12 տարի հետ, այն գյուղացին, որ կարողանում է իր վաստակած գումարով արժանավայել կյանք ապահովել։