Այսօր ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու ծննդյան 115-ամյակն է։

Ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է 1904թ-ի ապրիլի 15-ին, Վանի Հայոց ձոր նահանգի Խորգոմ գյուղում: Հայկական անունն է` Ոստանիկ Ադոյան:

Նա 1915թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919թ-ին տեղափոխվել է Թբիլիսի, այնուհետև՝ ԱՄՆ:

Նրա արվեստում մշտապես արտահայտված է Հայոց ցեղասպանության, Վանա լճի և կորուսյալ հայրենիքի գաղափարը:

Կյանքի վերջին տասնամյակում Արշիլ Գորկին ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ` «Ջրվեժ», «Հոգեվարք», «Այգիներ Սոչիում» և այլն, որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորող:

1946թ-ին, երբ այրվել է նկարչի արվեստանոցը, 36 նկարներն ու գրադարանը, նույն թվականին նա տարել է քաղցկեղի վիրահատություն։ Ավելի ուշ` ավտովթարից վնասվել է ողնաշարը, որի պատճառով աջ ձեռքը դարձել է անաշխատունակ։ Չդիմանալով վերջին տարիների դժվարություններին` 1948-ին Գորկին ինքնասպան է եղել։