sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամները լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել են, որ իրենց միջոցառումներն ու ակցիաները շարունակական են լինելու։

Նախաձեռնության համահեղինակ Արթուր Դանիելյանը մանրամասնել է, թե ինչու են հենց այս օրերին անցկացնում իրենց գործողությունները։

«Քանի որ մոտենում է սահմանադրական կարգի տապալման ու իշխանության զավթման առաջին տարելիցը, մենք ընկերներով որոշել ենք ցույց տալ ոմանց, որ Հայաստանի պետականությունը լրիվ տապալված չի, կան դեռ օջախներ։ Այսօր կարելի է արձանագրել, որ Հայաստանի յոթ քաղաքներում Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ մեր համակիրներ, համախոհներ միացել են մեր ակցիային և ցույց տվել, որ ստի ու կեղծիքի այս ալիքը դեռ ամբողջովին չի հաղթել։ Մենք ուզում ենք հայտարարել, որ սա դեռ սկիզբն է»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամ Արթուր Դանիելյանը։

Նրա խոսքով, նմանատիպ ակցիաներ դեռ կլինեն։ Նարեկ Սամսոնյանը բացատրել է, թե ինչու են ընտրել sutNikol անվանումը նախաձեռնության համար։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունն ու հեշտեգը սկսել են գործել ու կիրառվել ապրիլի 1-ից՝ «խաբելու օրվանից»։

«Ուրեմն Նիկոլ Փաշինյանն իշխանությունը զավթել է ստով և կեղծիքով։ Իր քաղաքական հայտարարությունների 90 տոկոսը նա հիմա սկսել է հերքել, մերժել, սկսել է անել իր ասածների հակառակը իշխանության հենց առաջին ամիսներին»,- ասել է նա։

Սամսոնյանը հիշեցրել է, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր ստի ու կեղծիքի համար․

«Բայց այսօր իր իշխանությունը հիմնված է ամբողջությամբ ստի ու կեղծիքի վրա, թե ավելի շատ գրպանային ընդդիմադիրներ, գրպանային քաղհասարակություն ունենալով»։

Նախաձեռնության անդամն ընդգծել է, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ էր կրում, որևէ վարչական կամ քրեական իրավախախտման տրամաբանության մեջ չէր տեղավորվում, ինչի մասին ասել են նաև ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո։

Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ պնդում է, որ տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն է, այլ պետական հեղաշրջում։

«Մեր խնդիրն այն է, որ վեր հանենք այն մեծ ստերը, որոնց վրա կառուցվեց հեղաշրջումը և վերջապես սկսենք խոսել ճիշտը»,-ասել է նա։

Նախաձեռնության համակարգող խումբը հայտարարել է մրցույթ ու դրամահավաք քաղաքացիների շրջանում։ Նրանց խոսքով, դրամահավաք, աջակցություն եղել է նաև մինչ այս։

«Հայտարարում ենք մրցույթ, արվեստի միջոցով ներկայացնել Նիկոլ Փաշինյանի հայտարարած ամենամեծ սուտը, թեզիսը, նախադասությունը, խոստումը։ Հաղթողները կամ հաղթողը կստանա 1000 դոլարին համարժեք դրամ, այն կանցկացվի ֆեյսբուքում, օնլայն տիրույթում, ըստ ամենայնի «Անթիֆեյք» էջում»,- մանրամասնել է Նարեկ Սամսոնյանը։

Սամսոնյանի խոսքով, հայտերն ընդունվելու են մինչև ապրիլի 26-ը, որից հետո ամենաշատ հավանումներ ստացած գործերից կորոշվեն հաղթողները։

«Անվանակարգերի մասին մանրամասներ կհրապարակենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից #sutNikol նախաձեռնությունը վերսկսել է իր գործողությունները։ Ինչպես նշված է նախաձեռնության էջում նման գործողություններ եղել են ոչ միայն Երևանում, այլ նաև՝ Սիսիանում, Վանաձորում, Մարալիկում, Գյումրիում, Էջմիածնում, Ախուրյանում և Ամասիայում: Ակցիային մասնակցել է 32 անձ, որոնցից 12-ի, այդ թվում՝ նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և Արթուր Դանիելյանի նկատմամբ կիրառվել է վարչական ձերբակալում:

Նշվում է, որ նախաձեռնությունն ունենալու է իր շարունակությունը ավելի բազմավեկտոր, մեծածավալ, կարևոր և հետաքրքիր փուլերով, որոնց մասին կհայտարարվի ասուլիսի ընթացքում: