«Արցախի հագանի» արցախյան ուտեստը հաղթող է ճանաչվել Եգիպտոսում անցկացվող Culinary Taste of Culture ամենամյա էքսպոյի «Լավագույն ազգային կերակրատեսակ» անվանակարգում։

Այս մասին ասել է Yerevan Food Fest-ի հիմնադիր և ղեկավար Աննա Մազմանյանը, գրում է «Արցախպրես»-ը։

Նրա խոսքով` փառատոնն արդեն հինգերորդ անգամ է անցկացվում Եգիպտոսում:

«Մեր խոհարարները մեր դեսպաններն են: Եվ արդեն առաջին տարին չէ, որ հաջողությամբ իրականացնում են հայկական խոհանոցի տարածման և երկրի ճանաչելիության բարձրացման առաքելությունը: Փառատոնին ուտեստը ներկայացրել են խոհարարներ Արբի Ղարախանին և Արայիկ Ամզայանը:

«Արցախի հագանի»-ն պատրաստվում է հավով, յուղով, ալյուրով, չամիչով, աղով, համեմունքով, կանաչիով և մրգերով: Ներկաների մոտ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել: Նշեմ, որ սա ևս մեկ հարթակ է Արցախը ներկայացնելու համար»,- ավելացրել է Ա. Մազմանյանը: