Նոյեմբերի 26-ից շուկայում է Brainy-ն։ Սա սեղանի ինտելեկտուալ խաղ է՝ ամբողջությամբ նոր ձևաչափ աշխարհում, նախատեսված խաղալով անգլերեն ավելի քան 4000 բառ և բառակապակցություն սովորելու համար։

Խաղը ստեղծել է 22 ամյա Հայկ Մկրտչյանը, ով արդեն 2 տարի է, ինչ հիմնադրել է «Դե» բրենդը, որը զբաղվում է սեղանի ինտելեկտուալ և ժամանցային խաղերի արտադրությամբ։ 2 տարիների ընթացքում ստեղծվել են «Դե խաղա 1»-ը, «Բառախաղ»-ը և «Դե խաղա 2»-ը։

«Գաղափարը եկել է նրանից, որ ես ինքս անգլերեն լավ չեմ իմացել և ցանկություն է առաջացել ստեղծել միջոց, որը ոչ միայն կստիպի սովորել անգլերեն, այլև դա անել հաճույքով, միմյանց հետ մրցելով և իհարկե զվարճանալով,»- նշում է Հայկը:

Խաղի մշակման համար հիմք են ծառայել Օքսֆորդի և Քեմբրիջի բառարանները: Այն ներառում է 350 խաղաքարտեր, որոնք, ինչպես ընդունված է անգլերենում, բաժանված են 6 մակարդակների՝ A1-C2։

Խաղաքարտերի վերին հատվածում թեման է, որը կօգնի հասկանալ, թե ինչ բովանդակությամբ են դրա տակ դասավորված մյուս 9 բառերը։ Եթե անգամ մասնակիցը չգիտի անգլերեն կարող է սկսել ամենապարզ մակարդակից, այնուհետև բարդացնել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր բառի տակ կա հնչադարձություն՝ անգլերեն բառը ճիշտ արտաբերելու համար։

Խաղը կարող է սկսվել, եթե կան առնվազն 4 մասնակից։ Խաղը թիմային է, մասնակիցները մրցում են միմյանց հետ՝ միմյանց դեմ, իսկ խաղալ կարող են 8-108 տարեկան բոլոր երեխաները։

Պետք է մեկ րոպեի ընթացքում թիմակցին բացատրել խաղաքարտում գրված հայերեն բառերը առանց օգտագործելու տվյալ բառի արմատը։ Երբ թիմակիցը կռահում է, թե ինչի մասին է խոսքը, բարձրաձայնում, և ստանում է հաստատում, անմիջապես տալիս է տվյալ բառի խաղաքարտում գրված անգլերեն համարժեքը։ Նույնը կարող են անել անգլերենից հայերեն տարբերակով։