Արցախի գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն:

Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը հայտնել է, որ հանրապետությունում արդեն սկսված է բույսերի պաշտպանության ուղղությամբ իրականացվող կարևորագույն միջոցառումներից մեկը՝ հակահրդեհային պաշտպանության աշխատանքները, որոնց հիմնական ուղղվածությունը կանխարգելիչ միջոցառումներն են: Դրան հաջորդելու է հակահրդեհային պաշտպանության փուլը, որը ենթադրում է գյուղատնտեսական ակտիվ տարածքներում ավելի քան 20 հրշեջ-փրկարարական կետերի տեղադրում և հրդեհի դեպքում արագ արձագանքի համար շուրջօրյա հերթապահություն:

Ըստ Ժ. Միրզոյանի՝ հակահրդեհային պաշտպանությունը միջգերատեսչական բնույթի միջոցառում է, որում ընդգրկված են և Արցախի գյուղատնտեսության նախարարությունը, և՛ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, և՛ Արցախի շրջանների վարչակազմերը, ինչպես նաև համայնքները:

«Ներկայումս իրականացնում ենք կանխարգելիչ միջոցառումների ծրագիր, որը քիմիական եղանակով պայքար է դաշտամիջյան ճանապարհների եզրերին պաշտպանիչ շերտեր ստեղծելու համար: Ընդհանուր առմամբ, հանրապետության ողջ տարածքում քիմիական պայքար է ծավալվելու շուրջ1600 հա-ի վրա»,- ավելացրել է Ժ. Միրզոյանը:

Նախարարը ոլորտի պատասխանատուներին առանձին հանձնարարականներ է տվել հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, որպեսզի տարածքները, որտեղ իրականացվելու են քիմիական պայքար, անասնապահներն իրենց անասունները հեռու պահեն այդ վայրերից: Իսկ այն անձինք ովքեր էլ օգտվում են այդ տարածքների բուսականությունից, մի առ ժամանակ զգուշանան: Մեղվաբուծությամբ զբաղվող գյուղատնտեսները ևս պետք է մեղվափեթակները հեռու պահեն այդ տարածքներից:

Անդրադառնալով հակահրդեհային պաշտպանության նախորդ տարվա արդյունքներին՝ Ժ. Միրզոյանը տեղեկացրել է նաև, որ անցած տարի հանրապտությունում շուրջ 70 հա գարնանացան և աշնանացան ցանքատարածքների կորուստ է գրանցվել:

Նա հավելել է.

«Մենք մի քանի տասնյակ հազարավոր հա հրդեհի դեպքեր ենք ունեցել բնական կերհանդակներում, արոտներում և խոտհարքերում, որի վնասները չափազանց մեծ են, ինչպես անասնապահության ոլորտում, որպես կերի հիմնական աղբյուր, այնպես էլ՝ բնապահպանական: Սկսելու ենք համագործակցությունն էլ ավելի սերտացնել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ սահմանելով հանրային ուժեղ վերահսկողություն»:

Ժ. Միրզոյանը վերահաստատել է կառավարության այն դիրքորոշումը, որ հրդեհների հետևանքով տուժած տարածքների վնասները չեն փոխհատուցվելու կառավարության կողմից: Կառավարությունը հետամուտ է լինելու բացահայտելու մեղավորներին, ովքեր էլ ենթարկվելու են վարչական պատասխանատվության: