Ապրիլի 15-ին Ադրբեջանում ընդդիմադիր իրավապաշտպան Օքթայ Գյուլալըևը իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանցի նախկին զինվորական, 1995թ. ծնված Հյուսեյնով Իսմայըլ Ինթիգամ օղլուի (Hüseynov İsmayıl İntiqam oğlu) մասին, ով ապրիլի 12-ին ինքնասպանության փորձ է արել՝ կտրելով երակները։ Այժմ նրա վիճակը ծանր է։

Այս զինծառայողին Ադրբեջանի ուժային կառույցների ներկայացուցիչները հայտնի «Լրտեսների գործի» շրջանակներում ձերբակալել են 2017թ. մայիսի 18-ին գիշերը ժամը 03։00-ին Գյանջայի իր տնից ու տեղափոխել են Թարթառ։ Ինչպես պատմում է Գյուլալըևը՝ Հյուսեյնովին այլ զինվորականներ խոշտանգումների են ենթարկել, ստիպել են, որ թուղթ ստորագրի, ըստ որի՝ նա ծառայել է հայկական հետախուզությանը, հետո պետական դավաճանության մեղադրանքով դատապարտել են 15 տարվա ազատազրկման, որտեղ էլ նա ինքնասպանության փորձ է կատարել։

Հետաքրքիր է, որ քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչությունից ադրբեջանական Թուրան լրատվական գործակալությանը հայտնել են, որ զինծառայողը իր երակները չի կտրել։ Սակայն ուշագրավ է, որ զինծառայողի մայրը սոցցանցային իր գրառումներում ասում է, որ իրեն հայտնել են որդու ինքնասպանության փորձի մասին։ Ավելին՝ մայրը նշում է, որ սա առաջին դեպքը չէ։ «Ռազմ․ինֆո»-ի փոխանցմամբ, այս տեղեկությունը զինծառայողի մայրը հաստատել է նաև Թուրան գործակալության հետ զրույցում։

Նշենք, որ Հյուսեյնովը զինծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային ծառայության է անցել Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում՝ ենթասպայի կոչումով։

Հիշեցնենք, որ 2017թ-ի մայիսի 7-ին Ադրբեջանի ուժային կառույցները հաղորդագրություն էին տարածել, որ Թարթառի շրջանում ձերբակալվել են մի խումբ զինվորական և քաղաքացիական անձինք՝ «Հայաստանի հետախուզության հետ համագործակցության» մեղադրանքով։ Ձերբակալվածներից ոմանք խոշտանգումների ենթարկվելով՝ սպանվեցին, ոմանք էլ ձերբակալվեցին։ Սակայն շուտով սպանվածներից մի քանիսը արդարացվեցին ու փոխարենը դատապարտվեցին նրանք, ովքեր զինվորականներին ենթարկել էին խոշտանգումների։

Ուշագրավ էր, որ իրավապաշտպան Օքթայ Գյուալըևի 2019թ. մարտի 31-ին հրապարակած փաստաթղթերում տուժած անձանց անունների մեջ Ռազմ․ինֆոյի մասնագետները նկատել էին ռազմական հանցագործ Ֆերզալիև էլնուր Գազանֆար օղլուի անունը, ով գլխատել էր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանին։

Նշենք, սակայն, որ պարզ չէ, թե ռազմական հանցագործը քրեական գործի հատկապես որ դրվագով է համարվում տուժող անձ, կամ արդյո՞ք մյուս զինվորականների նման ենթարկվել է խոշտանգումների՝ թե ոչ: