Ղրիմի Թեոդոսիա քաղաքում առաջիկա երկու տարիների ընթացքում Հովհաննես Այվազովսկու թանգարանի հիմքի վրա կստեղծվի միասնական թանգարանային թաղամաս։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։ Նա նշել է, որ Ղրիմ է եկել Տրետյակովյան պատկերասրահի հայտնի մասնագետներ թանգարանի ֆոնդի փորձագիտական գնահատման համար։

«Նմանատիպ ծրագիր չի եղել ոչ Ղրիմում, ոչ Ռուսաստանի հարավում»,- գրել է Ակսենովը։

Հաղորդվում է, որ Թանգարանային թաղամասը ստեղծվում է դաշնային նպատակային ծրագրով, միջոցների մի մասը հատկացնում է մշակույթի նախարարությունը, բայց Այվազովսկու պատկերասրահն ու նրա քրոջ տունը մնում են Թեոդոսիայի սեփականությունը։

Պատկերասրահը գործում է այն տանը, որը կառուցվել է Այվազովսկու նախագծով 1848թ-ին։ Ավելի ուշ նկարիչը դրան կից կառուցել է մեծ ցուցասրահ։ Ամբողջ աշխարհում ծովանկարչի ամենամեծ հավաքածուն հենց Այվազովսկու պատկերասրահում է գտնվում՝ ավելի քան 400 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանք։