Հայաստանում արյան բաղադրամասերի պետական պաշարներ կստեղծվեն:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի և «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները մշակել են «Արյան բաղադրամասերի պետական պաշարների ստեղծման, պահպանման և նորացման կարգը հաստատելու մասին» նախագիծը:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման և նորացման հետ կապված հարցերը: Կսահմանվեն, թե ինչ է իր մեջ ներառում արյան բաղադրամասերի պետական պաշարները, ինչ պայմաններում են դրանք պահպանվում և ինչ ժամկետներում են նորացվում:

«Հայաստանի Հանրապետության 2019թ-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Առողջապահություն» բաժնի «Հանրային առողջության պահպանում» ծրագրի շրջանակում «Արյան հավաքագրման ծառայություններ» միջոցառումների համար արդեն իսկ նախատեսված է 252.9 մլն դրամ: