Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հետ միաժամանակ հրդեհ է բռնկվել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները հրդեհն, ի սկզբանե, բռնկվել է Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Ակսա մզկիթի պահակասենյակում։ Այս տեղեկությունը հաստատել է Ալ-Ակսա մզկիթի անվտանգության աշխատակիցը։ Համացանցում են հայտնվել նաև տեսանյութեր։

Երուսաղեմի հրշեջ փրկարարներին հաջողվել է վերահսկել կրակը։ Ներկայումս տարածքը փակ է ու հրդեհի պատճառն էլ հայտնի չէ։ Մզկիթի ներսի հատվածը չի վնասվել։

Հաղորդվում է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը ստվերել է Ալ-Ակսա մզկիթի հրդեհը։

Նշենք, որ Ալ-Ակսա մզկիթը մուսուլմանների երեք գլխավոր սրբավայրերից մեկն է։ Այն տեղակայված է Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմի Հին քաղաքում՝ Տաճարի լեռան վրա։ Տեղավորում է մինչև 5000 մարդ։ Մուհամմադ մարգարեն, ըստ ավանդույթի, տեղափոխվել էր Մեքքայից ալ-Ակսա մզկիթ «Գիշերային ճամփորդության» ընթացքում՝ ալ-Բուրակ ձիու վրա։ Իսլամական ավանդույթում նշվում է, որ սկզբում Մուհամմադը հավատացյալներին աղոթքի ուղղության էր հրավիրում Երուսաղեմի այս մզկիթը։