PicsArt-ը մեկնարկում է Հայաստանում նախադեպը չունեցող APM (Associate Product Manager) մասնագիտացման վեցամսյա հատուկ ծրագիր: Ծրագրի նպատակն է ուսուցման հնարավորություն տալ իրենց մասնագիտացումը փոխել ցանկացողներին: Դասընթացը նարավորություն կտա նաև աշխատել խոշորագույն ֆոտո և վիդեո խմբագրման հավելվածի ընկերությունում:

«Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն է պրոդուկտի ղեկավարում մասնագիտացման համար։ Ծրագիրը չափազանց հագեցած է և բազմակողմանի։ Այն տևելու է վեց ամիս։ Այդ ընթացքում ծրագրի մասնակիցներն աշխատելու են հավելվածի վրա, սովորելով անմիջապես այն մարդկանցից, որոնք կանգնած են PicsArt-ի ստեղծման ակունքներում, եւ ում շնորհիվ հավելվածն ամբողջ աշխարհում ամսական 130 մլն ակտիվ օգտատեր ունի: Ծրագիրն ամբողջ դրույք աշխատանքի պես է: Մասնակիցները ընդգրկվելու են տարբեր թիմերում, մասնակցելու են դասախոսությունների, կապեր են հաստատելու և նոր հմտություններ են ձեռք բերելու։ Իսկ ծրագրի ավարտից հետո լավագույնները կընդունվեն նաեւ մեզ մոտ աշխատանքի», - ասել է PicsArt պրոդուկտի գլխավոր ղեկավար Միքայել Վարդանյանը:

Ըստ Միքայել Վարդանյանի՝ APM ծրագիրը տարածված և հաջողված փորձ է միջազգային խոշոր ընկերություններում:

Ծրագրի մեկնարկային երկու շաբաթում կներկայացվի PicsArt-ի հավելվածը, ընկերության կորպորատիվ մշակույթը եւ արժեքները։ Մասնակիցները կծանոթանան ընկերության բոլոր թիմերի աշխատանքին եւ կուսումնասիրեն պրոդուկտները: Տիրապետելով ընկերության գործունեությանը եւ դառնալով PicsArt ընտանիքի անդամ, նրանք կընդգրկվեն չորս տարբեր թիմերում՝ զարգացնելով պրոդուկտների մշակման նորարարական մոտեցումներ եւ այլ հմտություններ: Մասնակիցները կունենան նաեւ անհատական մենթորներ, որոնք մշտապես կաջակցեն նրանց խորհրդատվությանբ եւ փորձի փոխանցմամբ:

Ցանկացողները կարող են ծանոթանալ APM ծրագրի մանրամասներին հետևյալ հղումով՝ picsart-apm.am

Դիմումների ընդունման վերջնաժակետը մայիսի 5-ն է: