Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակությունը ապրիլի 17-19-ը կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքը:

Պատվիրակության կազմում են Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ, Հս. Կարոլինա), Վերն Բուքանանը (հանրապետական, Ֆլորիդա), Դինա Տիտուսը (դեմոկրատ, Նևադա), Մայքլ Քոնավեյը (հանրապետական, Տեխաս), Գերրի Քոնոլին (դեմոկրատ, Վիրջինիա), Ադրիան Սմիթը (հանրապետական, Նեբրասկա), Բարբարա Լին (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Թերրի Սյուելը (դեմոկրատ, Ալաբամա):

Կոնգրեսականները կհանդիպեն իշխանության գործադիր ճյուղի պաշտոնատար անձանց և Ազգային ժողովի պատգամավորների, ինչպես նաև լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև քննարկում Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաև այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Սուրբ Էջմիածին:

Պատվիրակության այցի նպատակն է ԺԳՀ-ի և ՀՀ Ազգային ժողովի միջև գործակցության հնարավոր ուղիների դիտարկումը: